New
Լավաշը՝ CNN-ի «Աշխարհի լավագույն 50 հացերի» ցուցակում

Լավաշը՝ CNN-ի «Աշխարհի լավագույն 50 հացերի» ցուցակում

Հայկական լավաշը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում․ CNN-ը իր հեղինակավոր «Աշխարհի լավագույն 50 հացեր» հոդվածում ընդգծել է լավաշը՝ որպես ոչ միայն համով, այլև մշակութային ժառանգության մաս կազմող հաց։

CNN-ը գրում է, որ դեռևս մոտ 10 հազար տարի առաջ Մերձավոր Արևելքում մարդիկ պատրաստել են հացի նախատիպեր՝ վայրի բույսերից և հացահատիկներից։ Այսօր այդ վաղ ձևերը վերածվել են աշխարհի տարբեր անկյունների բազմազան հացերի՝ յուրաքանչյուրը իր պատմությամբ ու խորհրդով։

Աշխարհի հացերի բազմազանությունը արտացոլում է մարդկության ստեղծագործականությունը՝
գերմանական խիտ տարատեսակներից մինչև եթովպական, հայկական կամ վենեսուելական հացերի տարբեր ձևերը։ Յուրաքանչյուր հաց իր պատմությունն ունի, իր մշակույթն ու համը։

Հոդվածի հեղինակը նշում է․— «Հացը մարդկային ժառանգություն է՝ այն միավորում է մեզ, ինչպես ստեղծագործությունը, և հիշեցնում մեր արմատների մասին»

Հոդվածում նշվում է նաև, որ լավաշը յուրահատուկ տեղ ունի աշխարհի հացերի բազմազանության մեջ․ այն պատրաստվում է բարակ գրտնակած խմորից, որը բառացիորեն «կենդանանում է» թոնրի՝ ավանդական հայկական կավե վառարանի ներսում։ Մի քանի տասնյակ վայրկյան անց այն դառնում է փխրուն, ոսկեգույն ու բուրավետ՝ պահպանելով իր պարզ, բայց խորիմաստ բնույթը։

Լավաշը ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես «Հայկական լավաշ թխելու, կիսվելու և օգտագործելու ավանդական արվեստ»։

CNN-ը պատմում է նաև լավաշի խորհրդանշական դերի մասին՝ հիշելով Հայաստանում լավաշը նորապսակների գլխին կամ ուսին դնելու ավանդույթը՝ բարեկեցության և առատության խորհրդանշով։ Այս ավանդույթը և պատրաստման համայնքային գործընթացը լավաշը դարձնում են ոչ միայն սնունդ, այլ ազգային ինքնության ու ընտանեկան արժեքների խորհրդանիշ։ Լավաշ թխելու ժամանակ մի քանի կին միասին գրտնում են խմորը, ձգում այն ու փակցնում թոնրի պատերին՝ մի գործողություն, որն իր մեջ կրում է դարերի պատմություն և համերաշխության գաղափար։

Լավաշի ընդգրկումը այս ցուցակում ևս մեկ անգամ հաստատում է՝ հայկական խոհանոցը ոչ միայն համի, այլև հոգևոր ժառանգության կրող է, որը միավորում է մարդկանց ու պատմությունները՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը։

Comments are closed.