Ինչ-որ մեկը կարող է նայել այս սպասքին ու մտածել՝ պարզապես էժանագին, միանգամյա կարտոնե ափսեներ են։ Իսկ իրականում… սա արվեստ է։ Ֆրանսիացի դիզայներ Ժակ Մոններոն (Jacques Monneraud) ստեղծել է մի ֆանտաստիկ հավաքածու, որը բառացիորեն խաբում է մեր տեսողական զգայարանը։


Առաջին հայացքից թվում է՝ պարզապես կարտոնե բաժակներ, ափսեներ ու նույնիսկ սկոտչով կպցված պլաստմասե տարաներ են։ Բայց կա մի կարևոր դետալ. այս բոլոր առարկաները կերամիկայից են՝ ձեռագործ, մանրակրկիտ մշակված ու անկրկնելի։

Մոններոյի աշխատանքները ներկայացնում են արվեստի հայտնի ուղղություններից մեկը՝ Trompe-l’œil, ինչը նշանակում է «աչքի խաբկանք»։ Նա նպատակ ունի մեր առօրյա ընկալումը մի պահ կոտրել ու ստիպել վերարժևորել մեր սովորական առարկաների կերպարը, մեր պատկերացումները նյութերի ու դրանց արժեքի մասին։

Իսկ այն, ինչ թվում է սովորական սկոտչ՝ իրականում մանրամասն ներկված ապակի է։ Հենց այդ «դետալների մոգությունն» է, որ Ժակի աշխատանքները դարձնում է արվեստի եզակի նմուշներ։ Այս սպասքը ոչ միայն արվեստի, այլև փիլիսոփայության մասին է՝ իրականի ու երևակայականի սահմանին։
Leave a Reply