Հայկական գինու վերածննդի ճանապարհին մի միջոցառում առանձնանում է ոչ միայն մասշտաբով ու այցելուների թվով, այլ առաջին հերթին՝ մտածված և խորը մշակված գաղափարով ու բրենդինգով։ Խոսքը «Գինու օրերի» մասին է, որը վերջին տարիներին վերածվել է ոչ միայն հանրային միջոցառման, այլ հայկական գինեգործության բովանդակային ներկայացման ձևաչափի։
Բրենդինգը՝ իր տեսանելի և անտեսանելի շերտերով, այստեղ գործում է որպես մշակութային լեզու, որը միաժամանակ պետք է փոխանցի ազգային ինքնությունը, պատմական ժառանգությունը, և ստեղծի միանգամայն ժամանակակից, միջազգային ընկալելիություն ունեցող վիզուալ տեսք։

«Գինու օրերի» գրաֆիկական համակարգի հիմքում կարասն է՝ որպես պատմական տարր, որը միացնում է գինու մշակույթի անցյալն ու ներկան։ Կարասը հայ ժողովրդի գինեգործական հիշողության առանցքային տարրերից է․ հողում թաղված կարասը հնեցման, սրբության ու սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքի խորհրդանիշ է։

Բրենդի կենտրոնում հայտնված կարասը ստացել է պարզ, մինիմալիստական տեսք՝ պահելով իր ամբողջ բովանդակային ծանրությունը։ Կարասի դասական ուրվագծին ավելացվել են գծային հարթություններ՝ ալիք, հորիզոնական բաժանում, որոնք խաղում են տառատեսակի ու տարածության հետ։ Գույնի ընտրությունը չի բավարարվել միայն գինի հիշեցնող վառ կարմիրով․ օգտագործվել են նաև կավի գունաշարերը՝ հողի, արևի ու մշակույթի փոխկապակցության ընդգծմամբ։ Դիզայնի հեղինակն է՝ Brand On ընկերությունը, որն իր աշխատանքում կարողացել է համադրել ավանդական խորհրդանիշներն ու ժամանակակից մինիմալիստական մոտեցումը՝ ստեղծելով բրենդային լեզու, որն աշխատում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։

Այսպիսով, «Գինու օրերի» բրենդինգը չի փորձում միայն գեղեցիկ լինել։ Այն պատմում է, խորհրդանշում է, և ինչն առավել կարևոր է՝ ձևավորում է մտածողություն, թե ինչպիսին կարող է լինել հայկական ապրանքի հանրային ներկայացումը՝ մշակութային շերտով ու արժանապատվությամբ։
Եվ վերջում՝ մի փոքր հիշեցում մեկ օրից սկսվում է այս տարվա «Գինու օրերը»։ Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ Երևանի սրտում։ Եկեք միավորվենք ու բաժակ բարձրացնենք հայկական գինեգործության համար։ Խմենք մեր մշակույթի, մեր պատմության և մեր ստեղծագործական հպարտության կենացը։
Leave a Reply