Voskevaz Winery-ի քարաշեն պատերի ներքո, որտեղ գինին ոչ միայն ստեղծվում, այլև դառնում է մշակույթի կրող, օրերս տեղի ունեցավ բացառիկ միջոցառում։ Ցուցադրվեցին Լիլիթ Խաչատրյանի իլյուստրացիաները, որոնք ստեղծվել են վերջին երկու տարիների ընթացքում և արդեն իսկ դարձել են մշակութային ժառանգության պահպանման յուրահատուկ ուղերձ։

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ արվեստագետներ, գործընկերներ ու գինու սիրահարներ։ Voskevaz-ի հյուրընկալությունը և գինին դարձան կամուրջ դեպի մեր պատմություն, ստեղծելով մթնոլորտ, որտեղ անցյալն ու ներկան հանդիպեցին մեկ տարածքում։



Ցուցադրված աշխատանքների հիմքում առավելապես Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու քանդակներն էին։ Այս բարձրաքանդակները, որոնք համարվում են հայ միջնադարյան արվեստի գագաթներից մեկը, Լիլիթ Խաչատրյանի գծանկարներում ստացել են նոր կյանք՝ դառնալով կամուրջ անցյալի և ժամանակակից հայացքի միջև։ Լիլիթ Խաչատրյանը տասը տարի շարունակ ճանապարհորդում է Արևմտյան Հայաստան՝ Կանադահայ հայտնի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի հետ։ Հրայրն իր կյանքի մեծ մասը նվիրել է մեր կորուսյալ մշակութային ժառանգությունը վավերագրելուն։ Նրա լուսանկարները դարձել են պատմության լուռ վկաներ՝ պահպանելով այն, ինչ վտանգված է կորստյան եզրին։

Լիլիթը վերածել է բարձրաքանդակները ժամանակակից գծանկարների, որոնք առավել հասկանալի են նոր սերնդի համար։ Այս աշխատանքների առաջին ամբողջական հավաքածուն լույս է տեսել 2025-ի հունվարին՝ «Աղթամար» գրքի տեսքով։ Voskevaz Winery-ում ցուցադրված իլյուստրացիաները հենց այդ գրքից են։ Յուրաքանչյուր գծանկար ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն է, այլև մի փոքրիկ վավերագիր, որն իր մեջ կրում է Կիլիկիայի, Վանի, Տարոնի և այլ պատմական վայրերի հիշողությունը։

Աշխատանքների նպատակը մեկն է՝ մշակութային ժառանգությունը պահպանել ու շարունակել՝ ներկայացնելով այն ժամանակակից լեզվով ժամանակակից լսարանին։ Երեկոյի ավարտին հյուրերին ներկայացվեց նաև Կիլիկիայի հնագույն հողերից նկարահանված բացառիկ կադրերով փոքրիկ ֆիլմ։ Այն ավելի խորացրեց մթնոլորտը՝ հնարավորություն տալով ներկաներին զգալ մեր պատմության շունչը։


Ցուցահանդեսը ևս մեկ անգամ հաստատեց, որ Voskevaz Winery-ն իր գործունեությամբ գինեգործարանից վերածվում է մշակութային կենտրոնի, որտեղ գինին, արվեստն ու հյուրընկալությունը միավորում են մարդկանց ու պատմությունները։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր հիշեցում են՝ մեր մշակույթը պահպանվում է ոչ միայն թանգարաններում, այլ նաև մարդկանց մեջ, ովքեր իրենց կյանքը նվիրում են այն ապագա սերունդներին փոխանցելու գործին։

