New
«Արենի Գինու Փառատոնը 2025»՝ հայկական գինեգործության տոնն ու մշակութային իրադարձությունը

«Արենի Գինու Փառատոնը 2025»՝ հայկական գինեգործության տոնն ու մշակութային իրադարձությունը

Հայաստանի գինեգործության սրտում՝ Վայոց Ձորի Արենի գյուղում, հոկտեմբերի 4-ին տեղի կունենա ավանդական դարձած «Արենի Գինու Փառատոնը»։ Այն համախմբում է տասնյակ արտադրական ու տնային գինեգործների, ռեստորաններ, ազգային երաժշտության և պարի խմբեր, ձեռագործ ապրանքներ ներկայացնող անհատների և հազարավոր այցելուների՝ վեր հանելով Հայաստանի հնագույն գինեգործական ավանդույթները և մշակույթը։

Արենի գյուղը հայտնի է իր խաղողագործական պատմությամբ, որը չի մարել 6100 տարվա ընթացքում։ Այստեղ գինեգործությունը ներկայացնում է ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև մշակութային ժառանգություն՝ սերունդների փոխհաղորդմամբ փոխանցվող գիտելիքներով ու փորձով։ Բերքահավաքի ավանդույթը շարունակում է պահպանել համայնքային կյանքը՝ ընտանիքներն ու հարևանները միավորված աշխատում են ու տոնում այս պահը։ Փառատոնը չի սահմանափակվում մեկ օրով․ վերջին տարիների ընթացքում այն նպաստել է գինու տուրիզմի զարգացմանը, նոր գինեգործարանների բացմանը, գաստրո անկյունների և հյուրատների աճին։

Հենց այս միջոցառման շնորհիվ համայնքում ավելացել են 18 նոր հյուրատներ, 5 տնային ռեստորաններ, իսկ ընտանեկան գինեգործների թիվը մոտ 130-ով ավելացել է։

17-րդ փառատոնի ծրագիրը

Միջոցառումը սկսվելու է խորհրդանշական խաղողի ճզմման արարողությամբ, որը ցույց է տալիս հողի, մարդու և մշակույթի համատեղ ներդրումը գինու ստեղծման մեջ։ Օրվա ընթացքում հաջորդելու են պարային և երաժշտական խմբերի ելույթները։ Փառատոնի տարածքում ներկայացված կլինեն արտադրական և տնային գինիները, համայնքին բնորոշ համեղ ուտեստները և էնդեմիկ խաղողի տեսակները։ Բացի համտեսից, այցելուները կարող են ձեռք բերել փառատոնի բրենդավորված բաժակներ ու կտորե պատյաններ, ինչը կծառայի որպես հուշանվեր և հիշեցում Հայաստանի հարուստ գինեգործական մշակույթի մասին։

Փառատոնը կազմակերպվում է Արենի համայնքապետարանի, «Արենի Փառատոն» հիմնադրամի և «ԷվենտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամի» համակազմակերպմամբ, իսկ աջակցում է ՀՀ Էներգետիկայի և Տնտեսության նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

«Արենի Գինու Փառատոնը» շարունակում է ամրապնդել հայկական գինեգործության ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը և հարստացնել համայնքի մշակութային կյանքը՝ միաժամանակ ցույց տալով, որ հայկական գինին ոչ միայն խմիչք է, այլև մշակութային ու պատմական ժառանգություն։

Comments are closed.