New

Ալբերտը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

Հայաստանը պատրաստվում է ևս մեկ անգամ փայլել եվրոպական մեծ բեմում։ Այս տարի մեր երկրի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կլինի 12-ամյա Ալբերտը։ Մրցույթը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Հայաստանի ներկայացուցիչը ընտրվել է Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպված ազգային ընտրության արդյունքում, որին մասնակցել են ավելի քան 80 դիմորդներ։ Տեղի և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ Դավիթ Ծերունյանի, Աննա Թադևոսյանի, Արամ MP3-ի, Ժակոյի, Արթուր Մանուկյանի, Լիլիթ Նավասարդյանի և Նիկ Էգիբյանի մասնակցությամբ, միաձայն որոշել է, որ այս տարի հենց Ալբերտն է լավագույն թեկնածուն։

Ալբերտը երաժշտական աշխարհում իր առաջին քայլերն արել է վեց տարեկանում։ Նա արդեն երկար տարիներ հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, և վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ ուժով աշխատել է իր երազանքը իրականություն դարձնելու համար՝ կանգնել եվրոպական բեմում։ Արդեն ներկայացվել են նրա մրցութային երգը և տեսահոլովակը։ Երգը կրում է «Brave Heart»Քաջ սիրտ») վերնագիրը։ Այն կոչ է անում չկորցնել երազելու կարողությունը և պահպանել ներքին լույսը՝ անկախ դժվարություններից։ Ալբերտն իր երգով հիշեցնում է, որ երազանքները կյանքի ամենակարևոր գույներից են․ երբ մարդը դադարում է երազել, կյանքը կորցնում է իր գույնը։

«Նա է առաջ, ում սիրտն է քաջ» — այս տողերը դարձել են երգի գլխավոր ուղերձը։ Ալբերտը համոզված է՝ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա քաջություն բացելու իր սիրտն աշխարհի առաջ և ընդունելու այն սերը, լույսն ու ուժը, որ աշխարհը տալիս է։

Այսպիսով, Հայաստանը կրկին պատրաստվում է վառ ներկայությամբ մասնակցել մանկական Եվրատեսիլին՝ հպարտությամբ ներկայացնելով մեր փոքրիկ, բայց հզոր «քաջ սրտով» երգչին։

Comments are closed.