Մեր օրերում, երբ ինֆլուենսերները հաճախ համարվում են «փորձագետներ», իսկ սննդի վերաբերյալ վախի սերմանումն աճում է, ծնողները կարող են վերջնականապես փակել իրենց սոցիալական մեդիայի էջերը՝ պարտվածության զգացումով։ Հիմնական խնդիրն այն է, որ երեխաների կերակրման վերաբերյալ առցանց տարածված խորհուրդների մեծ մասը կա՛մ ամբողջությամբ կեղծ է, կա՛մ չափազանց ծայրահեղացված։
Որպեսզի ձեր կյանքը հեշտացնենք, Armhoreca-ն պատրաստել է հոդված, որտեղ հանրային առողջության մագիստրոս Քրիստին Բիրնը, մանկաբույժի և մի քանի մանկական դիետոլոգների հետ կիսվում են այն ամենատարածված թյուրըմբռնումներով, որոնց մասին ծնողները կարող են չանհանգստանալ։
Միֆ 1.
Երեխաները պարտադիր պետք է ուտեն բազմազան սնունդ
«Ավելի քան 20 տարի աշխատելով երեխաների և ընտանիքների հետ՝ ես հաճախ եմ տեսել ծնողներ, ովքեր մտահոգվում են, որ իրենց երեխան չի ուտում բազմազան սնունդ», — նշում է Էլիզաբեթ Դևենպորտը՝ դիետոլոգ։
Սակայն, ուսումնասիրելով երեխաների սննդակարգն ու աճի գրաֆիկը, նա պարզել է, որ շատ դեպքերում նրանք բավարարում են իրենց սննդարար կարիքները։ Դևենպորտը շեշտում է, որ նորմալ է, երբ փոքր երեխաները խուսափում են նոր ուտեստներից և մթերքներից կամ նախընտրում են շատ սահմանափակ ընտրանի։
«Ծնողները կարող են թուլացնել վերահսկողությունը, ինչը կնվազեցնի թե՛ իրենց, թե՛ երեխայի սթրեսը սննդի վերաբերյալ», — ասում է նա։
Մի ստիպեք երեխաներին ուտել այն, ինչ նրանք չեն ուզում։ Փոխարենը, շարունակեք նրանց հնարավորություն տալ նոր բաներ փորձել առանց ճնշման, ինչը հաճախ նրանց ավելի բաց է դարձնում փորձելու համար։
Միֆ 2.
Ծնողները պետք է վերահսկեն իրենց երեխայի չափաբաժինները
Ծնողները հաճախ որոշակի հստակ համոզմունքներ ունեն երեխայի քաշը մասին։ Սակայն տարբեր երեխաներ մեծանում են այլ արագությամբ և ունեն տարբեր բնական մարմնական չափեր։ Որոշելու փոխարեն, թե կոնկրետ որքան պետք է ուտի ձեր երեխան, դիետոլոգ Էլիզաբեթ Դևենպորտը խորհուրդ է տալիս ընտանիքի սնունդը մատուցել այնպես, որ երեխաները (նույնիսկ փոքրերը) կարողանան ինքնուրույն ընտրել՝ որքան ուտել։
Թեև, իհարկե, կան բացառություններ, երեխաների մեծամասնությունը կուտի այնքան սնունդ, որքան անհրաժեշտ է, եթե ընտրության հնարավորություն տրվի։
Միֆ 3.
Բոլոր երեխաները կարիք ունեն վիտամինների
Եթե ձեր երեխան ստանում է բազմազան սնունդ և չունի սննդարար նյութերի պակաս, վիտամինների անհրաժեշտությունը վերանում է։ Լավագույն տարբերակը մանկաբույժի հետ խորհրդակցելն է՝ պարզելու համար, արդյոք ձեր երեխան որևէ հավելումների կարիք ունի թէ՞ ոչ։
Միֆ 4.
Երեխաները չպետք է ուտեն վերամշակված մթերքներ
«Շատ ծնողներ, որոնց հետ ես աշխատում եմ, մտահոգված են այն հարցով, թե որքան փաթեթավորված կամ վերամշակված սնունդ են ուտում իրենց մանկահասակ կամ դեռահաս երեխաները, ինչը, իմ կարծիքով, այս մթերքների վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված վախի հետևանք է», – ասում է Էմի Գոլդսմիթը, սննդաբան։
Ի սկզբանե, ընտանիքների ճնշող մեծամասնությունը չի կարող իրեն թույլ տալ ամբողջությամբ հեռացնել վերամշակված մթերքները իրենց սննդակարգից։ Ամեն ինչ զրոյից պատրաստելը հսկայական խնդիր է, որը խլում է օրվա ժամերը, և հետո երեխաներին զրկելը զվարճալի, համեղ փաթեթավորված նախուտեստներից, որոնք ուտում են իրենց հասակակիցները, կարող է ապագայում հանգեցնել սննդային խանգարումների։
«Ես միշտ խրախուսում եմ ծնողներին հարմարության և հեշտության համար օգտագործել փաթեթավորված և տուփով իրեր, պարտադիր կարդալ պիտակներ՝ հասկանալու համար, թե ինչ են նրանք ուտում, և դրանք համադրել այնպիսի մթերքների հետ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը կամ սպիտակուցի աղբյուրները՝ ամբողջական կերակուրներ ստեղծելու համար»- ասում է Էմի Գոլդսմիթը։
Միֆ 5.
Երեխաները չպետք է շաքար ուտեն
«Գրեթե յուրաքանչյուր ծնող, ում հետ ես աշխատում եմ, տարված է շաքարով։ Ես նույնիսկ ունեմ ծնողներ, ովքեր սկսել են վերահսկել իրենց երեխաների մրգերի ընդունումը՝ վախենալով, որ նրանք շատ շաքար կընդունեն», – ասում է Գոլդսմիթը։
Եվ շաքարի մասին առցանց և առողջապահական ֆորումներում խոսակցությունների հետ մեկտեղ, զարմանալի չէ, որ որոշ ծնողներ կարող են անհրաժեշտություն զգալ միկրոկառավարելու յուրաքանչյուր քաղցր բան, որը մտնում է իրենց երեխայի բերանը։ Բայց Գոլդսմիթը ասում է, որ դա անհրաժեշտ չէ։ Նախ, պատճառ չկա սահմանափակելու մրգերը, որոնք պարունակում են բնական շաքարներ, վիտամիններ և հանքանյութեր, որոնք նպաստում են աճին և զարգացմանը։ Երկրորդ, շաքարավազը և այլ ածխաջրերը մարմնի էներգիայի նախընտրելի աղբյուրն են, ուստի ամեն օր դրանց բավարար քանակություն ստանալը կարևոր է հատկապես աճող երեխաների համար։
«Ես միշտ հորդորում եմ ծնողներին տեղյակ լինել, թե ինչ է ուտում իրենց երեխան օրվա ընթացքում, բայց քանի դեռ շաքարավազի բարձր պարունակությամբ մթերքները, ինչպիսիք են կոնֆետը և քաղցր թխվածքաբլիթները, չեն կազմում ձեր երեխայի սննդակարգի մեծ մասը, շաքարավազի հետ կապված խուճապի պատճառ չկա։ Շաքարը, ինչպես նաև ածխաջրերը, կարևոր են որպես էներգիայի հիմնական աղբյուր, հատկապես աճող երեխաների համար։ Մինչ շաքարով հարուստ ուտելիքները չափից դուրս չօգտագործվեն, դրանց օգտագործումը հարկավոր չէ խստորեն վերահսկել», – ասում է սննդաբան ԷմիԳոլդսմիթը։
Միֆ 6.
Փոքր երեխաներին չի կարելի տալ գետնանուշի կարագքանի որ այն ալերգեն է
Ընդհակառակը, գետնանուշի կարագը կարելի է ներառել երեխայի սննդակարգում արդեն վեց ամսականից՝ ալերգիաների կանխարգելման համար։ Եթե ձեր երեխան ունի ալերգիայի բարձր ռիսկ, նախապես խորհրդակցեք մանկաբույժի հետ։
Այս խորհուրդները կօգնեն ծնողներին դադարել անհանգստանալ փոքրիկների խիստ կերակրման վերաբերյալ և կենտրոնանալ երեխաների մոտ սննդի հետ առողջ հարաբերությունների ձևավորման վրա։
Leave a Reply