New
Ռեստորան, որը գոյություն չունի

Ռեստորան, որը գոյություն չունի

Ինտերնետը հիացած է սուպերպոպուլյար ռեստորանով Տեխասում, որտեղ պատրաստում են բացառիկ ու նրբաճաշակ ուտեստներ։ Վերջին ամիսների ընթացքում Օսթին քաղաքի Ethos ռեստորանի Instagram-ի էջին ավելացել է ավելի քան 81,000 հետևորդ, որոնցից շատերը իսկապես կցանկանային փորձել լուսանկարներում պատկերված ախորժելի և արտասովոր ուտեստները։

Ethos-ը հաճախ կիսվում է նոր ուտեստների լուսանկարներով, որոնց թվում են գետաձիու տեսքով կրուասանը, Պիկաչուի կերպարով պիցցան և հավի թևիկներով պատրաստված ծաղկեփունջը։

Ռեստորանի պրոֆիլում նշվում է, որ հաստատությունը արժանացել է մրցանակների և տիտղոսների, նշված է կայք, որտեղ մանրամասնորեն ներկայացված է ռեստորանի փիլիսոփայությունը։ Ըստ նկարագրության՝ այս վայրը մասնագիտացած է «օգտակար և համեղ սնունդի մեջ, որը սնուցում է ինչպես մարմինը, այնպես էլ հոգին», իսկ մթերքներն ստացվում են «տեղական էկոլոգիապես մաքուր ֆերմաներից»։ Եվ ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե չլիներ մի փոքրիկ «բայց». այս նորաձև վայրը հորինվածք է։

Էջի ամբողջ բովանդակությունը գեներացված է արհեստական ինտելեկտի միջոցով, թեև լուսանկարների տակ գրված տեքստերը հուշում են, որ կարելի է ամրագրել սեղան և կատարել պատվեր։

Ակաունտի սեփականատերերը չեն սահմանափակվել գեներացված լուսանկարներով և իրենց կատակն ավելի են զարգացրել ։ Կայքում գործում է սեղան ամրագրման հնարավորություն։ Բաժնում նշված է, որ բոլոր ամրագրումները կատարվում են մեկ ամսով առաջ, յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի՝ ժամը 4:30-ին։ Եվ քանի որ ռեստորանը չափազանց հայտնի է, այցելուներին առաջարկում են միաժամանակ օգտագործել մի քանի սարքավորումներ ամրագրում անելու համար, ինչը «կօգնի նվազեցնել մյուս օգտատերերի մրցակցությունը» և այդպիսով կբարձրացնի ցանկալի սեղանը ձեռք բերելու շանսերը։

Կատակի էությունը ամրագրումների հետ կապված այն է, որ «Ստուգել ազատ տեղերը» կոճակին սեղմելուց հետո օգտատերը տեղափոխվում է էջ, որտեղ պարզապես կա մի գիֆ՝ երիտասարդ տղամարդը ստանում է թունայով հարված դեմքին։

Մինչ որոշ օգտատերեր լրջորեն փորձում են սեղան ամրագրել և անկեղծորեն զարմանում, թե ինչու չկան այլ կոնտակտներ և ինչպես կարելի է գտնել այդ վայրը, մյուսները փորձում են հասկանալ՝ ինչու էր այս ամենը ընդհանրապես կազմակերպվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *