ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը «Արմենպրես» լրատվականի հետ ասուլիսի շրջանակներում խոսել է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին։
«Զբոսաշրջային գործունեություն իրականացնողների համար պարտադիր պայման է լինելու կայք ունենալը, որովհետև շատ հաճախ մենք բախվում ենք այնպիսի խնդրի, որ անբարեխիղճ տնտեսվարողները, սոցիալական ցանցերում ստեղծելով մեկ էջ և մատուցելով ինչ-որ ծառայություններ, իրենց համարում են զբոսաշրջային գործակալներ կամ օպերատորներ և մատուցում ծառայություններ, որի արդյունքում տուժում են այդ ծառայությունը ստացող մեր ՀՀ քաղաքացիները։ Այս դեպքում, երբ մենք ստանանք հյուրանոցի կամ ռեստորանի կողմից նախապատրաստված փաթեթը, որտեղ նշված կլինի ցուցակով առկա տեղեկատվությունը, մենք պետության կողմից, այսպես ասած, նույնականացնելու ենք նրան։ Զբոսաշրջային օպերատորը կամ հյուրանոցը կհայտնվի մեր ցուցակում և պետության կողմից կստանա համապատասխան հավաստագիրը, ըստ որի նա կհամարվի պետության կողմից հավաստագրված։ Խնդրում եմ չխառնել սա լիցենզավորման հետ, որովհետև Զբոսաշրջության կոմիտեն լիցենզավորող մարմին չէ։ Սա պարզապես նույնականացում է՝ վերիֆիկացիա։ Այս ամենը իր հետ կբերի բավականին մեծ վերահսկողություն ոլորտի համար։» – իր խոսքում նշել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Leave a Reply