Հունվարի 22-ին Մադրիդում մեկնարկեց FITUR 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ը։

FITUR 2025 (Feria Internacional de Turismo) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աշխարհի ամենամեծ և հեղինակավոր զբոսաշրջային միջոցառումներից մեկն է։ Այն տեղի է ունենում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ ամեն տարի հունվարի վերջին։ FITUR-ը հարթակ է, որտեղ ներկայացվում են զբոսաշրջության ոլորտի նորարարությունները, զարգացման միտումները և գործընկերային կապերը։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել իրենց զբոսաշրջային առաջարկները, ստեղծել միջազգային համագործակցություններ և խթանել իրենց երկրները որպես զբոսաշրջային ուղղություններ։ Այս տարի FITUR 2025-ը համախմբել է զբոսաշրջային ոլորտի մասնագետների և ներկայացուցիչների ավելի քան 184 երկրներից։

Այս հեղինակավոր միջոցառմանը Հայաստանը ներկայացված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և հայկական զբոսաշրջային ընկերությունների համատեղ տաղավարով։ Ցուցահանդեսի առաջին օրը հայկական տաղավար է այցելել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը՝ և իր աջակցությունը հայտնել մասնակիցներին։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Ազգային զբոսաշրջային գործակալության ղեկավար Մայա Օմաիձեի, մարքեթինգի գծով ղեկավար Նանա Դգեբուաձեի և Իսպանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Չկուասելիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումը և ամրապնդել համագործակցությունը։

Միջոցառման ընթացքում նախատեսված են բազմաթիվ նոր հանդիպումներ և հարցազրույցներ՝ նպատակ ունենալով միջազգային հարթակում բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ճանաչելիությունը և զարգացնել գործընկերային կապերը
Leave a Reply