New
Էլենը և հայկական գաթային նրա նոր մոտեցումը. ավանդույթ և նորարարություն

Էլենը և հայկական գաթային նրա նոր մոտեցումը. ավանդույթ և նորարարություն

Հայկական խոհանոցը միշտ էլ հայտնի է եղել իր յուրահատուկ և հարուստ համով, իսկ ամենաճանաչված և սիրելի աղանդերից մեկը, իհարկե, գաթան է։ Յուրահատուկ խմորից թխված այս ավանդական հայկական քաղցրավենիքը՝ անուշաբույր խորիզի միջուկով, հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Հայկական ավանդական կլոր գաթա

Այնուամենայնիվ, ժամանակը կանգ չի առնում, և այժմ գաթան նոր ձևեր է ընդունում մարդկանց ոգևորության և ստեղծարարության շնորհիվ, ովքեր ցանկանում են իրենց մշակութային ժառանգությունը կիսել ամբողջ աշխարհի հետ:

Էլեն Էլբակյանը նրանցից մեկն է, ով որոշել է վերանայել ավանդական գաթայի գաղափարը և ստեղծել է փոքրիկ գաթաներ տարբեր միջուկներով, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն, ավելի հարմար են ուտելու և տեղափոխելու համար, և ամենակարևորը նոր շունչ են հաղորդում մեր ազգային խոհանոցի յուրօրինակ մասնիկին գաթային:

Armhoreca-ին էլենը պատմեց, թե ինչպես է ծնվել գաթա թխելու գաղափարը և ինչպես է նախագիծը վերաճել ավելիին

«Գաղափարը ծնվեց 2020 թվականին, երբ ես ԱՄՆ-ում էի պատերազմի ժամանակ: Այդ պահին որոշեցի հավաքվել ընկերներիս և հետևորդներիս հետ և գաթա թխել, որի վաճառքից գոյացած գումարը կտրամադրեինք Համահայկական Հիմնադրամին: Լոս Անջելեսում Բըրբենքի եկեղեցուն խնդրեցինք և իրենց խոհանոցում հայ կանաց հետ գաթա պատրաստեցինք ու անմիջապես եկեղեցու բակից վաճառեցինք, որի արդյունքում հավաքվեց 18.000 ամերիկյան դոլար: Այս նախագիծն արագ արձագանք գտավ, և շուտով ես հրավեր ստացա Նյու Յորքից, որտեղ Սբ. Վարդանանց եկեղեցու խոհանոցում նույնպես գաթա թխեցինք տեղի կանանց հետ։

Այս իրադարձությունը շատ դրական արձագանք ստացավ. աներևակայելի էր իմանալ, որ կարողացանք ինչ-որ կերպ օգնել՝ կա՛մ հիմնադրամին գումար նվիրաբերելով, կա՛մ լոկալ օգնություն տրամադրելով: Այս փորձառությունն ամրապնդեց իմ մեջ այն համոզմունքը, որ գաթան ոչ միայն հայկական խոհանոցի խորհրդանիշն է, այլ նաև մարդկանց միավորելու միջոց: Այդ ամենից հետո արդեն 4 տարի գաթան ինձ հանգիստ չի տալիս թեև ես ավելի շատ թթխմորով հացի վրա էի կենտրոնացած, բայց ես զգում եմ, որ գաթան ասես իմ առաքելությունը լինի:

Ես ուզում եմ գաթային նոր շունչ հաղորդել, որ այն մտնի և´ մեծահասակների, և´ երեխաների առօրյա: Հնարավոր է` մի փոքր ամբիցիոզ հնչի, բայց ինչի՞ պիտի աշխարհն ուտի կրուասան, դոնաթ, սիրնիկ, բայց չուտի գաթա. ես ուզում եմ գաթան իր հենց այս ձևով, թե´ մեծ, թե´ դասական ձևով մտնի համաշխարհային շուկա և ճանաչելի դառնա Յունեսկոյի կողմից որպես Հայկական քաղցր հաց:

Ես հայրենասեր մարդ եմ և ուզում եմ իմ լուման ունենալ իմ հայրենիքի իմ ավանդույթների հանրահռչակման գործում, ուզում եմ իմ հայրենասիրությունը միայն խոսքերով չդրսեվորվի դրա համար էլ անում եմ այս ամենը ու անում եմ մեծ սիրով»:

Գաթայի այս նորարարական մոտեցումը ոչ միայն պահպանում է նրա յուրահատուկ համը, այլև զարմանքի տարր է հաղորդում բոլոր նրանց, ովքեր փորձում են այն

Յուրաքանչյուր միջուկը պատմում է իր պատմությունը՝ լինի դա պիստակով , շոկոլադով, կոկոսով, կարամելով, դասական, հապալասի, թե անտառային հատապտուղների ջեմով , և այս շարքը վստահաբար դեռ կշարունակի ընդլայնվել:

Այս մոտեցումը թույլ է տալիս համատեղել ավանդույթն ու արդիականությունը՝ ճանապարհ բացելով հայկական խոհանոցի նորովի ընկալման համար։

Armhoreca-ն շնորհավորում է Էլենին այս ոգեշնչող նախագծի առթիվ և լիահույս է, որ գաթայի յուրաքանչյուր նոր համով կարող ենք վստահ լինել, որ հայկական քաղցրավենիքն իր տեղը կգտնի աշխարհի անսովոր աղանդերների սիրահարների սեղաններին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *