New
«Ճախրուկ» սոցիալական սրճարանի ստեղծում. կարևոր հուշագիր Երևանում

«Ճախրուկ» սոցիալական սրճարանի ստեղծում. կարևոր հուշագիր Երևանում

Նոր քայլ դեպի սոցիալական ինտեգրում Երևանում.

Հոկտեմբերի 22-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, «Ճախրուկ» ՀԿ-ի , «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և «Դայմոնդ» ռեստորանի միջև ստորագրվեց կարևոր հուշագիր՝ « Ճախրուկ» սոցիալական սրճարանի ստեղծման վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են.
• «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը.
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․
«Ճախրուկ» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Մխիթարյանը․
• «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Դավիթ Երեմյանը
• «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր և տնօրեն Նարինե Չարչյանը

Ծրագրի նպատակն է հատուկ կարիքներով մարդկանց ինտեգրումը հասարակությանը: «Ճախրուկ» սոցիալական սրճարանը կդառնա ոչ միայն հանգստի հարմարավետ վայր, այլև կարևոր կենտրոն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զարգացնել իրենց մտավոր և ֆիզիկական ունակություններն ու որակները, ինչպես նաև աշխատել՝ ցուցադրելով իրենց տաղանդն ու ներուժը։

Այս նախագիծը հրաշալի քայլ է՝ ստեղծելու ներառական և աջակցող հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տրվում գիտակցել իր կարողությունները և գտնել իր տեղը։

Հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելը թե՛ պետության, թե՛ «Իմ Քայլը» հիմնադրամի և թե՛ հուշագիրը ստորագրած մյուս կողմերի համար առաջնահերթություն է, ուստի ստեղծվող «Ճախրուկ» սոցիալական սրճատունը դառնալու է մի վայր, որտեղ աշխատելու են մտավոր և ֆիզիկական առանձնահատկություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները՝ բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

«Սրճատանը աշխատանքի անցնող անձինք կանցնեն վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո կսկսեն աշխատել։ Սոցիալական սրճատուն հիմնելու նպատակն է կրթել մեր հասարակությանը, փոխել նրանց մտածելակերպը և ավելացնել գիտակցության զգացումը։ Մյուս նպատակը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մնայուն աշխատանք ու կայուն եկամուտ ապահովելն է, որ դառնան ինքնուրույն և ապահովեն իրենց առօրյա կարիքները։ «Ճախրուկ» սրճատունը պետք է դառնա կամուրջ՝ հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև, որը կապահովի նրանց ներգրավվածությունն ու ինտեգրումը հասարակությունում»,- ընդգծել է Թալին Թօփալաքեանը։

Կողմերը նպատակադրված են «Ճախրուկ» սրճատունը հանձնել շահառուներին և հասարակությանը 2025 թվականի ամռանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *