2025 թվականը սկսում է նոր մտածողությամբ՝ որտեղ ճաշակը դառնում է նաև վերաբերմունք։ Այս տարվա համաշխարհային գաստրոնոմիական թրենդների մեջ մի անվիճելի առաջատար կա՝ պիստակը։ Այս թրենդը սկիզբ առավ ոչ թե Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հայտնի խոհանոցներից, այլ՝ Դուբայից։ Պիստակով շոկոլադները դարձան համացանցային սենսացիա՝ միաժամանակ շքեղ և նրբաճաշակ։ Շատ շուտով պիստակը դարձավ համացանցային էջերի հերոսը և շեֆ-խոհարարների նոր մուսան՝ քաղցր ու աղի ուտեստներում։ Բայց պիստակի նկատմամբ հետաքրքրությունն այս անգամ միայն համի մասին չէ։ Այն դառնում է նաև գիտակից ու պատասխանատու ընտրություն, և հենց այստեղ է, որ այս համեստ ընկույզը վերածվում է նոր մտածողության խորհրդանշի։

Ընկույզների աշխարհում պիստակը մի յուրահատուկ դեր ունի։ Այն աճում է հիմնականում Իրանում, ԱՄՆ-ում, Թուրքիայում և Միջին Արևելքի որոշ շրջաններում՝ արևաշատ ու չոր կլիմայում։ Բայց ամենակարևորը՝ այն պահանջում է մի քանի անգամ քիչ ջուր, քան, օրինակ, նուշը, որն իր «ջրասեր» բնույթով լուրջ ճնշում է գործադրում ջրային ռեսուրսների վրա։ Հաշվի առնելով կլիմայական փոփոխությունները և ջրի համաշխարհային պակասը՝ պիստակը դիտվում է որպես էկոլոգիապես խելացի ընտրություն։ Այն կարող է մաս կազմել համաշխարհային անցման՝ դեպի ավելի կայուն ու պատասխանատու սննդակարգ։
Միայն ԱՄՆ-ում մեկ կիլոգրամ նուշի արտադրության համար անհրաժեշտ է մոտ 12,000 լիտր ջուր, մինչդեռ պիստակի համար՝ ընդամենը մոտ 4,500։ Դա նշանակում է՝ ընտրելով պիստակ՝ դու իրականում ընտրում ես ջուր խնայելու ուղին։

Պիստակի համը նուրբ է ու բազմաշերտ։ Թեթև քաղցրությամբ, յուղոտությամբ, մեղմ խրթխրթունությամբ։ Այն հրաշալի է աշխատում ինչպես աղի, այնպես էլ քաղցր ուտեստներում։ Կլասիկ իտալական պիստակով պեստոն, մերձավորարևելյան բաղադրատոմսեր, պիստակով աղանդեր, պաղպաղակ, կրեմներ, թխվածքներ։ Այսօր նույնիսկ շեֆ-խոհարարները պիստակն օգտագործում են որպես մսի և ձկան համային հակակշիռ։ Բացի այդ, դրա կանաչ գույնը դարձել է սոցցանցերում ամենասիրելին։ Instagram-ն ու Pinterest-ը լի են պիստակային ուտեստներով․

Այս ամենը միասին վեր է ածում պիստակը ոչ միայն բաղադրիչի, այլ գաստրոնոմիական արժեքի։ Դա ընտրություն է, որը միաժամանակ ցույց է տալիս ճաշակ, մտածողություն ու ժամանակակից մոտեցում։ Խոհանոցային աշխարհը, որն ավելի ու ավելի է ձգտում զրոյական թափոնների, տեղական արտադրանքի ու կայունության, տեսնում է պիստակի մեջ նոր համատեքստ։ Այն մթերք է, որը խոսում է մարդու վերաբերմունքի մասին՝ թե՛ սեփական սննդի, թե՛ շրջակա աշխարհի նկատմամբ։

Պիստակն այս տարի ավելի քան երբևէ արժանի է տեղ ունենալու յուրաքանչյուր խոհանոցում՝ սեղանի վրա և մտածողության մեջ։ Այն գեղեցիկ է, համեղ, բայց միևնույն ժամանակ՝ խելացի, համեստ ու խնայող։ Միգուցե հենց այս հատկանիշներն են նրան դարձնում ոչ միայն տարվա թրենդ, այլև սննդի ապագայի խորհրդանիշ։
Leave a Reply