Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են «հաց ուտել»:
Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ, ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև` հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:
Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից:
Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է «լավ քաշած», «լավ քաշ», իսկ հետո էլ արդեն «լավաշ» անվանումը:
2014 թվականին հայկական լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է իր պատրաստման յուրահատկությունների, մշակութային և ազգայի նշանակության շնորհիվ: