New
Երևան քաղաքի ամենավառ այցեքարտերից մեկը Կասկադ համալիր

Երևան քաղաքի ամենավառ այցեքարտերից մեկը Կասկադ համալիր

Կասկադ համալիրը հավանաբար ձեզ շատերին է ծանոթ, քանի որ այս ճարտարապետական ​​և մոնումենտալ համալիրը Երևանի ամենասիրված «այցեքարտերից» է: Տեղացիներն այս տարածքն անվանում են «Կասկադ»՝ քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից քանդակազարդ հարթակների, շատրվանների ու կանաչ գոտիների վրա «հոսելու» համար։

Կասկադ համալիրը բաղկացած է հինգ տեռասներից, որոնց վրա կան շատրվաններ, կանաչապատ գոտիներ, արվեստի գործեր և հանգստի համար նախատեսված զոնաներ։ Գարնանը և ամռանը այստեղ հաճախ են անցկացվում դասական և ջազ երաժշտության համերգներ, որոնք մշտապես գրավում են մեծ լսարան։

Կասկադը սկսվում է Մոսկովյան փողոցից, իսկ մուտքը նշանավորվում է Երևանի անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի (1878–1936) բազալտե արձանով (քանդակագործ Արտուշ Հովսեփյան, 1974թ.), ով էլ որ եղել է Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը։  

Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան)

Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:

Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվեց 1970թ. Երևանում

Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր:

2009թ. նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Գաֆէսճեան արվեստի պատկերասրահը, որը գտնվում է հենց շենքի ներսում, Կասկադը դարձնում է մշակութային կենտրոն: Այն ստեղծվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանի կողմից, և ցուցահանդեսում ներառված են 20-21-րդ դարերի հայտնի նկարիչների և քանդակագործների՝ Մարկ Շագալի, Էնդի Ուորհոլի, Ջոն Ալթունայի և այլնի աշխատանքները։ Մի քանի տարի հետո Կասկադն էլ ավելի մեծ կդառնա, քանի որ այժմ աշխատանքներ են տարվում ութսունական թվականներից անավարտ մնացած համալիրի վերին հատվածն ավարտելու ուղղությամբ։

Կասկադի աստիճանների թիվը 572 է, հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ:

Կասկադի բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք և Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ: 

Comments are closed.