New
Երևանի «այցեքարտը»` Հանրապետության հրապարակ

Երևանի «այցեքարտը»` Հանրապետության հրապարակ

Հայաստանի հետ պետք է սկսել ծանոթանալ Երևանից, իսկ Երևանին ծանոթանալ՝ այցելելով Հանրապետության հրապարակ։ Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի` 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վ. Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտան միավորող հանգույցում։ Մինչ թամանյանական նախագծի իրագործումը նույն տեղում եղել է բաց հրապարակ:

Հրապարակի տեսքը ձևավորվում է հինգ հիմնական շենքերով՝ Մարիոթ հյուրանոց, Կառավարական թիվ 1 և թիվ 2 շենքերը, Կենտրոնական փոստային բաժանմունքի շենքը և Ազգային արվեստի պատկերասրահը։ Դրանք բոլորն էլ պատրաստված են նեոկլասիկական ոճով, ազգային ճարտարապետության յուրահատկություններով։

Հրապարակում գերիշխում են ճկուն կամարաշարերը, ազգային հյութեղ զարդանախշերը և քարի նուրբ վարդագույն ներկապնակը։

Հանրապետության հրապարակում են գտնվում նաև Երևանի կենտրոնական երգող շատրվանները, որոնք նույնպես նախագծել է ճարտարապետ Ալ. Թամանյանը դեռևս 1939 թ.:

Երևանի գլխավոր ժամացույցը նույնպես գտնվում է Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի աշտարակի վրա: Այն տեղադրվել է 1941 թվականին: Ժամացույցի տրամագիծը 3 մ 60 սմ է․ Հանրապետության հրապարակի ժամացույցը միայն մեկ անգամ է տեխնիկական փոփոխության ենթարկվել՝ 2001 թ.-ին, երբ դրա մեխանիկական հատվածը փոխարինվել է էլեկտրոնայինով:

Հանրապետության հրապարակը երևանցիների ժամանցի սիրելի վայրերից է: Այստեղ հաճախ կազմակերպվում են բացօթյա համերգներ, որոնք սովորաբար ավարտվում են շքեղ հրավառությամբ: Ամեն տարի Հանրապետության հրապարակում կանգնեցվում է հանրապետության ամենամեծ գլխավոր Ամանորյա տոնածառը և Ամանօրյա գիշերը կազմակերպվում է տոնական միջոցառում։

Հին կադրեր Հանրապետության հրապարակից

Comments are closed.