New
Աշխարհի ամենաթանկ դելիկատեսներից

Աշխարհի ամենաթանկ դելիկատեսներից

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաարտասովոր և էկզոտիկ դելիկատեսներից մի քանիսը: Այս ապրանքներից յուրաքանչյուրն իր ձևով եզակի է։ Դրանք արդյունահանվում են խիստ սահմանափակ քանակությամբ և ունեն բարձր արժեք, ինչը նրանց հասանելի է դարձնում միայն գուրմանների համար։ Այս նրբաճաշակ և ճոխ ուտեստները, որոնք հաճախ համարվում են խոհարարական արվեստի իսկական գործեր, ոչ միայն հիացնում են իրենց համով և բույրով, այլև երազանք են կոլեկցիոներների համար, ովքեր ցանկանում են դրանք ավելացնել իրենց գաստրոնոմիական գավաթների շարքին․

Այս բացառիկ մթերքները ստացվում են աշխարհի ամենաթաքնված անկյուններից՝ չափազանց սահմանափակ քանակությամբ, ինչը դրանց դարձնում է իսկական հազվադեպություն գաստրոնոմիայի աշխարհում:

Էլֆերի մեղր

Էլֆերի մեղրը վայրի լեռնային մեղրի եզակի տեսակ է, որը արդյունահանվում է թուրքական Սարիչայիր սարահարթի հեռավոր քարանձավներից մեկից: Այս հազվագյուտ մթերքը դարձել է սենսացիա գուրմանների աշխարհում, քանի որ դրա արժեքը հասնում է աստղաբաշխական թվերի: Այս մեղրի յուրաքանչյուր կիլոգրամը գնահատվում է մոտավորապես 5 հազար դոլար՝ այն դարձնելով աշխարհի ամենաթանկ մեղրի տեսակներից մեկը։

Այս զարմանալի արժեքը մեծապես պայմանավորված է մեղրի հավաքման վայրի ծայրահեղ անհասանելիությամբ:

Ամբողջ աշխարհի գուրմանները նշում են այս մեղրի յուրահատուկ համը և դրանում բարձր հանքանյութերի պարունակությունը: Սակայն դժվար հայթայթման պատճառով այս թանկարժեք արտադրանքից տարեկան հավաքվում է մոտ 7 կիլոգրամ։

Հռոմեական ռուբին

«Հռոմեական ռուբին»-այսպես է կոչվում աշխարհի ամենաէքսկլյուզիվ և թանկարժեք խաղողի տեսակը, որն աճեցվում է ճապոնական Իշիկավա նահանգում: Այս խաղողը հանդիսանում է սելեկցիոն և կուլտիվացիոն մեթոդով ստացվող կուլտուրաների գագաթնակետը՝ իր 0,7-1 կգ ողկույզով, որը գնահատվում է 910 ԱՄՆ դոլար աստղաբաշխական արժեքով: 2016 թ․ աճուրդներից մեկում այս խաղողի մի ողկույզը վաճառվել է ապշեցուցիչ 8400 դոլարով, ինչը ցույց է տալիս այս տեսակի բացառիկ արժեքը:

Վաճառքից առաջ յուրաքանչյուր հատիկ ենթարկվում է որակի խիստ հսկողության։ Այս խաղողը պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին. լինի կատարյալ գնդաձև հատիկներով՝ առնվազն 30 գրամ, և ունենա խորը, հարուստ ռուբինի գույն: Նման ճշգրտությունը և մանրուքների նկատմամբ պահանջկոտութույունը դարձնում են «Հռոմեական Ռուբին»-ը ոչ միայն խաղող, այլև իսկական արվեստի գործ մրգերի աշխարհում:

Զաֆրան

Զաֆրանը արևելյան համեմունք է, որը բաղկացած է Crocus sativus ծաղիկի չորացրած առէջներից․ Այս զարմանահրաշ արտադրանքն ունի հստակ, յուրահատուկ բուրմունք և թեթևակի դառը համ, որը դարձրել է այն անփոխարինելի բաղադրիչ տարբեր խոհարարական ստեղծագործությունների մեջ: Զաֆրանը լայնորեն օգտագործվում է տարբեր ուտեստների պատրաստման մեջ՝ հրուշակեղենից և պանիրներից մինչև մսամթերք, լիկյոր և այլ գաստրոնոմիական գլուխգործոցներ: Հին ժամանակներում այս համեմունքը գնահատվում էր ոչ միայն իր համի, այլև ենթադրյալ աֆրոդիզիակ հատկությունների համար․

Զաֆրանի անսովոր բարձր արժեքը, որը հասնում է 2000 դոլարի մեկ կիլոգրամի համար, պայմանավորված է դրա արտադրության չափազանց աշխատատար գործընթացով։ Այս թանկարժեք համեմունքից ընդամենը մեկ կիլոգրամ ստանալու համար անհրաժեշտ է ավելի քան 200 հազար ծաղիկների մանրակրկիտ մշակում

Ի դեպ՝ Իրանն այսօր աշխարհում առաջատարն է զաֆրանի արտադրության մեջ՝ փաստացիորեն տիրապետելով այս եզակի և արժեքավոր արտադրանքի մենաշնորհին։

Դա Հոնգ Պաո

Դա Հոնգ Պաոն աշխարհի ամենահազվագյուտ և ամենաթանկ թեյերից մեկն է: Այս յուրահատուկ թեյն աճում է ընդամենը վեց թփերի վրա, որոնք գտնվում են Չինաստանի գեղատեսիլ Ուույ լեռներում գտնվող բուդդայական վանքում՝ համարվելով  սուրբ, և պատված են բազմաթիվ լեգենդներով ու հավատալիքներով: Այս թեյի պատրաստումը ըմպելիքին տալիս է հարուստ գույն և հիանալի քաղցր համ, որը գնահատվում է թեյի գուրմանների կողմից ամբողջ աշխարհում:

Իր հազվադեպության և բացառիկության պատճառով այն Հոնգ Պաոն աճուրդում առաջարկվում է չափազանց հազվադեպ, և յուրաքանչյուր խմբաքանակի առկայություն  արժեքավոր իրադարձություն է: 2006 թվականին այս թեյի տերևներից վաճառվել է ընդամենը 20 գրամ՝ 25 հազար դոլարով։

Նկարում՝ Դա Հոնգ Պաո թեյի 6 թփերը

Պանիր Moose House-ից

Moose House-ը անսովոր և եզակի շվեյցարական ընկերություն է, որը մասնագիտացած է եղջերուների կաթից պանրի արտադրության մեջ: Եվրոպայում այս ապրանքը առանձնանում է իր արտասովոր և էկզոտիկ բնույթով, քանի որ եղջերուներին կթելը անսովոր բարդ և աշխատատար գործընթաց է, որը յուրաքանչյուր կենդանու համար տևում է ավելի քան մեկ ժամ:

Եղջերուի կաթի պանրի յուրահատկությունը, հազվադեպությունը և ակնառու տարբերվող համը թույլ են տալիս արտադրողներին մեկ կիլոգրամի համար սահմանել 1000 դոլար գին: Այսպիսով, Moose House-ը ոչ միայն առաջարկում է հազվագյուտ դելիկատես, այլև ցուցադրում է պանրի պատրաստման ավանդական մեթոդների յուրահատուկ համադրություն՝ բաղադրիչների ընտրության նորարարական մոտեցմամբ:

Moose House-ի եղջերուները ստանում են բացառապես էկոլոգիապես մաքուր սնունդ և պահվում են նրանց համար հատուկ ստեղծված պայմաններում, ինչը երաշխավորում է նրանց կաթի բարձր որակը։

Սպիտակ խավիար

Սպիտակ խավիարը շատ եզակի դելիկատես է, այն ստանում են ցամաքային խխունջներից: Թարմ վիճակում խխունջի ձվերը ունենում են անգույն պատյան, բայց եփելու ընթացքում ձեռք են բերում հաճելի սերուցքային կամ  նուրբ վարդագույն-սպիտակ երանգ։ Գուրմանները հաճախ զուգահեռներ են անցկացնում սպիտակ խավիարի համի և ավանդական սև խավիարի միջև՝ ընդգծելով նրա յուրահատուկ թեթև երկրային համը:

Խխունջի ձվերը հավաքելը չափազանց աշխատատար և բարդ գործընթաց է: Մեկ խխունջը տարվա ընթացքում կարող է արտադրել միայն մոտ 4 գրամ այս արժեքավոր մթերքից։ Այս եզակիությունը և հավաքագրման աշխատատար գործընթացը սպիտակ խավիարը դարձնում են իսկական դելիկատես գուրմանների համար:

150 գրամանոց տարայի մեջ փաթեթավորված այս համեղ արտադրանքի երկու ճաշի գդալը կարող է արժենալ մինչև 150 դոլար:

La Madeline au Truffe

La Madeline au Truffe-ն աշխարհի ամենաշքեղ և թանկարժեք շոկոլադի տեսակներից մեկն է, ինչպես նշվում է Forbes-ում։ Մեկ 50 գրամանոց կոնֆետի համար 250 դոլար արժողությամբ այս բացառիկ դելիկատեսը իսկական խոհարարական արվեստի գործ է: Յուրաքանչյուր La Madeline au Truffe պարունակում է շքեղ Périgord տրյուֆել սունկ իր միջուկում, որը թաթախվում է շքեղ կրեմի մեջ, այնուհետև պատվում է բարձրորակ շոկոլադե ջնարակով: Վերջին շտրիխն այն է, որ այս նրբագեղության մակերեսը պատվում է կակաոյի փոշով, որն ավելացնում է համի խորությունը:

Ի՞նչն է դարձնում այս շոկոլադն իսկապես եզակի, սահմանափակ պահպանման ժամկետը՝ ընդամենը 7 օր՝ ընդգծելով բաղադրիչների թարմությունն ու բացառիկությունը:

Յուրաքանչյուր կոնֆետ պատրաստվում է խիստ պատվերով՝ 100% կանխավճարով, ինչն էլ ավելի է ընդգծում նրա բացառիկությունը և շքեղ գաստրոնոմիական ապրանքի կարգավիճակը։ Այս շոկոլադը պարզապես քաղցրավենիք չէ, այլ շքեղության և նուրբ համի իսկական խորհրդանիշ։

Comments are closed.