«Ապերոլ»-ը ցածր ալկոհոլային լիկյոռ է, ունի վառ նարնջագույն գույն և յուրահատուկ համային փունջ, որը բաղկացած է նարնջից և բուսական նոտաներից: Այն ունի հավասարաչափ նարնջագույն-կարմրավուն երանգ: Դրա բաղադրությունը ներառում է՝ քաղցր և դառը նարինջ, խավարծիլ, գենդիան, այլ խոտաբույսեր և արմատներ, որոնց հարաբերակցությունն ու ստույգ ցանկը գաղտնի է պահվում 1919 թվականից։
1930-ականներին ապերոլի գովազդը երաշխավորում էր, որ ըմպելիքը կօգնի կանանց պահպանել իրենց գեղեցիկ կազմվածքը: Սակայն կոնկրետ ինչպես՝ չի նշվում։ Դրանով պատրաստվող ամենահայտնի կոկտեյլներից մեկը «Ապերոլ սպրիտզ»-ն է․ 2012 թ․ այս կոկտեյլը ոսկի գավաթ է նվաճել Սան Ֆրանցիսկոյի World Spirits Competition. մրցույթում՝ «Լավագույն ապերիտիվ» անվանակարգում։
Այսպիսով, ի՞նչ է մեզ անհրաժեշտ կոկտեյլի համար․
Ապերոլ-100 մլ․
Պրոսեկո-100 մլ․
Գազով ջուր-20 մլ․
Նարինջ-40 գ․
Սառույց-60 գ․
Լրացրեք գինու բաժակի մեջ սառույց, վրան ավելացրեք Պրոսեկո 100 մլ․ և 100 մլ․ Ապերոլ, հետո ավելացրեք գազով ջուր և խառնեք կոկտեյլի գդալով։ Զարդարեք նարնջի կտորով։